
ՔՈԱՖ-ի ամենաշարժուն թիմը կամ պտույտ մը Հայաստանի ճամփեքով

Նրանց չեք տեսնի մեր սոցհարթակներում, բայց հաճախ կհանդիպեք ՔՈԱՖ-ի շուրջ 100 համայնքներում։ Նրանց աշխատանքային օրը սկսվում է բոլորից շուտ Երևանում և շարունակվում ճանապարհներին ու շահառու համայնքներում։ Ամեն օր, անկախ եղանակից, նրանք ՔՈԱՖ-ի ծառայությունները դարձնում են հասանելի հարյուրավոր շահառուների համար։ Եկե՛ք միասին մի պտույտ անենք Երևանի գրասենյակի վարորդների ու նրանց աշխատանքը համակարգող անփոխարինելի Մարիամի հետ։
Մարիամ Լաչիկյան. ՔՈԱՖ-ի տրանսպորտի «տիրուհին»

Թե ամեն առավոտ քանի աշխատակից է ճանապարհ ընկնում դեպի ՔՈԱՖ-ի շահառու համայնքներ՝ միայն «Աստված գիտի» և հիմնադրամի լոգիստիկայի ու գնումների համակարգող Մարիամը։ Նա է վարորդների անմիջական ղեկավարն ու կազմակերպության երևանյան գրասենյակի ու Երեխայի և ընտանիքի կենտրոնների աշխատակիցների բոլոր երթերի համակարգողը։
Բավական է մի հայացք նետել Մարիամի դեմքին հասկանալու համար, թե այդ օրը տրանսպորտի քանի հայտ է ստացել։ Բայց եթե անգամ դուք համայնք գնացող 1160-րդ աշխատակիցն եք («շատ» բառը թվերով՝ ըստ Մարիամի), կարող եք վստահ լինել՝ նա «նեղ կանի, տեղ կանի»։
Մասնագիտությամբ լեզվաբան Մարիամ Լաչիկյանն առաջին անգամ ՔՈԱՖ է եկել 2013 թվականին որպես կամավոր։ Մի քանի ամիս նա շրջում էր Արմավիրի մարզի գյուղերով ու նյութեր հավաքում ՔՈԱՖ-ի «Շրջադարձ» թերթի համար։ Այն ժամանակ մտքով անգամ չէր անցնում, որ մի օր ՔՈԱՖ-ի՝ հարյուրից ավելի շահառու համայնքների անուններն ու ճանապարհներն անգիր է անելու Google Maps-ով։
«Կարելի է ասել, որ ես էլ ամեն օր վիրտուալ ճամփորդում եմ վարորդների հետ։ Շատ կուզեի իրականում ավելի շատ ճամփորդել գյուղեր»,- ասում է Մարիամը, բայց դեռ հույսը չի կորցնում, որ մի օր անպայման կայցելի շահառու գյուղեր։
ՔՈԱՖ-ում Մարիամն ամենաշատն արժևորում է մարդկանց ու նրանց հետ անցկացրած ժամանակը։
«Ես ուղիղ և փոխաբերական իմաստով մեծացել եմ ՔՈԱՖ-ում, ու իմ գործընկերներն ակամայից դարձել են կյանքիս ու աշխատանքիս կարևոր մասը»,- եզրափակեց նա։
Ռազմիկ Վարդանյան. «ի սկզբանե էր Բանը»*, իսկ ՔՈԱՖ-ում` վարորդ Ռազմիկ Վարդանյանը

ՔՈԱՖ-ի վետերան վարորդ Ռազմիկ Վարդանյանը կազմակերպության հետ իր ճամփորդությունը «կարճ այսպես է կապում»՝ «կինո էր իսկական», իսկ պատմության երկար տարբերակն այսպես էր.
«2001 թվականին իմ նախկին ղեկավարը զանգեց ու խնդրեց մի շաբաթ Հայաստանում իր ընկերներին պտտեմ։ Ամուսիններ էին ԱՄՆ-ից (սփոյլեր՝ ՔՈԱՖ-ի ապագա համահիմնադիրներ Գարո Արմենն ու Ալիս Սարդարյանը)։ Դիմավորեցի, պտտեցի ու ճանապարհեցի։ Երեք տարի հետո ուղիղ մեկ ամիս ամեն օր Ալվարդ անունով (սփոյլեր՝ ՔՈԱՖ-ի առաջին տնօրենը) մի կին զանգում էր ու աշխատանք առաջարկում։ Ես ամեն անգամ քաղաքավարի մերժում էի, քանի որ վստահ չէի, որ հենց ինձ են փնտրում։ Վերջում պարզվեց, որ Գարոն է համարս փոխանցել ու ասել՝ կապվեն հետս»,- իրեն յուրահատուկ ժպիտով հիշում է Ռազմիկը՝ ՔՈԱՖ-ի առաջին վարորդը։
Մինչև Հայաստանի անկախությունը Ռազմիկը ձեռներեցությամբ էր զբաղվում, եղբոր հետ կարի արտադրամաս էր ղեկավարում։ Հետո միջազգային տարբեր կազմակերպություններում ու կրթական հաստատություններում վարորդ է աշխատել։
Ինչպես ինքն է ասում, և բոլոր ՔՈԱՖցիներն էլ կհաստատեն, Ռազմիկը մի րոպե անգամ պարապ չի կարողանում նստել։
«ՔՈԱՖ-ին ես իմ տան նման եմ վերաբերվում։ Եթե ինչ-որ հարցում կարող եմ օգնել, սիրով անում եմ»,- ասում է Ռազմիկը, ու շտապում ցնցուղի հետևից, որպեսզի հասցնի, մինչև ճանապարհ ընկնելը, գրասենյակի ծաղիկները ջրել։
Ռազմիկը խոստովանում է, որ Հայաստանով շատ է ճամփորդել ու հինգ մատի պես գիտեր մարզերն ու գյուղերը, բայց ՔՈԱՖ-ի շնորհիվ այլ տեսանկյունից ու այլ աչքերով սկսեց նայել ու ճանաչել։
Չկա շահառու գյուղ, որտեղ Ռազմիկին չճանաչեն, և թերևս չկա շահառու, որին ինքը չճանաչի։ Որոշների հետ էլ այս 22 տարիների ընթացքում հասցրել է ոչ միայն ընկերանալ, այլև դարձել է նրանց գյուղմթերքի հիմնական սպառողը։
«Սիրում եմ անմիջապես գյուղացուց առևտուր անել ու այդպես օգնել աշխատավոր մարդկանց»,- ասում է նա, ում հետ գործուղումից երբեք դատարկաձեռն չես վերադառնում։
Հարցին, թե ի՞նչն է ամենաշատը սիրում իր աշխատանքում, նա առանց վարանելու, ասաց.
«Աշխատելով ՔՈԱՖ-ում՝ ես իմ լուման եմ ներդնում իմ մեծ տան (Հայաստանի) վերակառուցման գործում, և այդ միտքն ինձ մինչև հիմա շատ է դուր գալիս»։
*«ի սկզբանե էր Բանը» (սկզբից եղել է խոսքը, միտքը, «Աստվածաշունչ»)
Արսեն (Աղասի) Բաբայան. կենդանիների լավագույն ընկերը

Առավոտյան սուրճի «պիծիմինուտկայից» հետո Արսենն անցնում է մոտակա տարածքում կենդանիներին կերակրելուն։ Նրա մոտ միշտ կեր կա գրասենյակի հետնաբակում ապրող կատուների համար։ Հաճախ նաև ճանապարհին հանդիպող կենդանիների բախտն էլ է բերում, ու եթե անգամ ուտելու բան չլինի, Արսենը նրանց հաստատ կշոյի ու կզրուցի հետները։
Տանը նա ունի դեղձանիկներ ու կատու, շուտով նաև շուն կունենա։
«Կենդանիներ մանկուց եմ սիրել։ Տենց օր չի եղել, որ փողոցից մի կատու չբերեմ տուն, ինչն այնքան էլ մերոնց սրտով չէր։ Ինչ ասես, որ չեմ պահել. ձուկ, ոզնի, շուն, կատու ու տարբեր թռչուններ»,- պատմում է նա։
Արսենը, նույն ինքն Աղասի Բաբայանը, ՔՈԱՖ-ի ամենահին վարորդներից է, ով այս տարիների ընթացքում շատ է կապվել աշխատանքին ու գործընկերներին։
«Ընտանիքի զգացողություն ունեմ այստեղ։ Ե՛վ մարդիկ են ջերմ, և՛ մթնոլորտը»,- ասում է Արսենը ու հավելում, որ աշխատանքի հաճելի կողմերից մեկն էլ ՔՈԱՖ-ի շահառու համայնքերի բնակիչների ուրախությանն ականատես լինելն է, երբ տվյալ գյուղում նոր ենթակառուցվածքներ ենք ստեղծում կամ նոր ծրագիր մեկնարում։
Արմեն Հայրապետյան. սուրճ, լավ երաժշտություն, ամրագոտի ու գնացի՜նք

ՔՈԱՖ-ի վաստակավոր վարորդ Արմենի օրը սկսվում ու ավարտվում է սուրճով։ Նրան դժվար է պատկերացնել առանց սուրճի բաժակի։ Այն օրեին, երբ նա հերթապահում է գրասենյակում, հոգատարությամբ բոլորին հիշեցնում է, որ պետք է լավ սնվել ու մեկ-մեկ հանգստանալ։
ՔՈԱՖցիների կողմից սիրված ու հարգված Արմենի երաժշտական անցյալի մասին քչերը գիտեն։ Նա ենթասպայի ուսադիրներով 20 տարի ծառայել է ՀՀ ՊՆ-ի հատուկ զինվորական նվագախմբում (կլառնետ է նվագել)։
Ծառայության տարիներին նրանց նվագախումբը զինվորական շքերթների է մասնակցել ՀՀ-ում և արտերկրում, տասնյակ նախագահների ու բարձրաստիճան պաշտոնյաների է դիմավորել ու ճանապարհել։
«Շատ տպավորիչ էր Հռոմի երկու պապերի այցը»,- պատմում է Արմենը, ով ավելի քան 100 երկրի հիմն անգիր գիտի։
Երևան-Դեբեդ հերթական գործուղման ճանապարհին Արմենը խոստովանեց, որ ՔՈԱՖ-ի շնորհիվ նա իր համար բացահայտեց Հայաստանը՝ հեռու, մոտիկ, սահմանամերձ ու սահմանապահ գյուղերով, լավ ընկերներ ձեռք բերեց, իսկ հիմնադրամի բժիշկների շնորհիվ սկսեց հարգել ու վստահել բուժաշխատողներին։
«Այս տարիների ընթացքում ամեն մեկից մի նոր բան եմ սովորել, որն առօրյա կյանքում հաճախ եմ կիրառում»,- ասում է Արմենը, ով, այնուամենայնիվ, իրեն հետաքրքասեր մարդ չի համարում։
Ամեն դեպքում թիմակիցներին ուղղված հարցերից ելնելով՝ կարելի է եզրակացնել, որ Արմենը պրպտող ու շատ դիպուկ հարցեր տվող գործընկեր է։
Կարեն Մակիչյան. ճանապարհն ինչքան երկար, այնքան լավ

Երբ 2021 թվականին վարորդ Կարենն առաջին անգամ հայտնվեց ՔՈԱՖ-ի երևանյան գրասենյակում, նրան կարճ այսպես էին ներկայացնում՝ «մեր Մանվել ձյաձյայի տղան ա»։ Մանվել Մակիչյանը ՔՈԱՖ-ի ամենահին վորորդնեից էր, ով, թոշակի անցնելով, ղեկը փոխանցեց որդուն։
Մինչև ՔՈԱՖ գալը Կարենը հասցրել է տարբեր կառույցներում վարորդ աշխատել, իսկ երիտասարդ տարինեին՝ Զվարթնոց միջազգային օդանավակայանի անվտանգությունում։
«Այնպես է ստացվել, որ աշխատանքի բերումով եղել եմ Հայաստանի համարյա բոլոր բնակավայրերում։ Թերևս մի քանի խուլ գյուղ լինի, որ դեռ չեմ հասցրել լինել»,- ասում է Կարենը, ում ամենասիրելի ուղղությունը, իհարկե, Լոռին է այն պարզ պատճառով, որ Օձունը նրա հայրական գյուղն է։
Կարենը քչախոս է ու միշտ պատրաստ օգնելու։ Ասում է, այդպես իրեն ավելի օգտակար է զգում ու սիրով է անում։
Ճանապարհներից էլ չի հոգնում, հակառակը. ճանապարհն ինչքան երկար, այնքան լավ։
Հովհաննես Փափազյան. ՔՈԱՖ-ի ժողովրդական վարպետը

HՀովհաննես Փափազյանը վետերան վարորդների թիմում նորակոչիկ է։ ՔՈԱՖ է եկել մոտ երեք տարի առաջ։ Թիմակիցների հետ օրը պարտադիր սկսում է սուրճով, անկախ նրանից՝ տանը արդեն խմել է, թե ոչ։
«Ճանապարհից առաջ պարտադիր միասին սրճում ենք ու հասցնում մի քանի խոսք փոխանակել»,- պատմում է Հովհաննեսը։
Երկար տարիներ Հայաստանի պետական Ֆիլհարմոնիկ նվագախմբում, ԱԳՆ-ում և ՊԵԿ-ում վարորդ աշխատելու ընթացքում ՔՈԱՖ-ի մասին լսել էր, բայց աշխատանքների ողջ ծավալը չէր պատկերացնում։
«Գործի բերումով շատ եմ եղել մարզերում, բայց ՔՈԱՖ-ի շնորհիվ նոր համայնքներ եմ բացահայտել ինձ համար»,- խոստովանում է նա ու հավելում, որ ամենից շատ սիրում է կազմակերպության ջերմ մթնոլորտը ու բարությամբ շրջապատված լինելու զգացողությունը։
Քչերը գիտեն, որ Հովհաննեսը Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում նկարչություն է ուսումնասիրել։ Հետո մասնագիտացել է արծաթագործության մեջ, իսկ 2017 թավականին ԿԳՄՍ-ի կողմից արժանացել է ժողովրդական վարպետի կոչմանը։
«Ժամանակ առ ժամանակ վերադառնում եմ արծաթագործությանը։ Հուսամ՝ մի օր ավելի շատ ժամանակ կունենամ ստեղծագործելու համար»,- ասում է նա։
Հետգրություն
Պտույտն ավարտվեց, հուսանք՝ հավանել եք ճամփորդությունը։ Շնորհակալություն, որ ընտրել եք ՔՈԱՖ-ի «ավտոուղիները»։






