Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի դեմքերը

Նոյեմբերի 13, 2022

Հեղինակ՝ Նանե Վարդանյան
Լուսանկարները՝ Քնար Բաբայանի

3 րոպե կարդալու համար

Եթե հասցրել եք Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնով երբևէ շրջայց անել, հավանաբար նկատած կլինեք կենտրոնի տարբեր ծրագրերի համար նախատեսված սենյակներն ու անկյունները՝ լի ուսանողների աշխատանքներով։ Եթե շրջայցերի ժամանակ կենտրոնը երբեմն դատարկ է լինում՝ ուսումնական ընթացքին չխանգարելու համար, դասերի ընթացքում ՍՄԱՐԹ-ում ակտիվ եռուզեռ է․ հարյուրավոր ուսանողներն ու շուրջ 2 տասնյակ ծրագրավարներն իրենց բուռն քննարկումներով ու ստեղծագործական աշխատանքով։ 

ՍՄԱՐԹ-ում այժմ շաբաթական 28 համայնքից 1800-ից ավելի ուսանող է հաճախում։ Ճանաչե՛ք նրանցից մի քանիսին։ 

 

Ապագա թավջութակահար Ժորա Մակինյանն արդեն 8 տարի է, ինչ զբաղվում է իր սիրելի գործիքով՝ թավջութակով։ Ժորան ՍՄԱՐԹ հաճախում է Ալավերդուց։ Իր բազմազան ուղին ՍՄԱՐԹ-ում մեկնարկել է 2019-ից ու անցել Ծրագրավորում, Թվային նկարչություն, Մարքեթինգ, Երաժշտական գործիքներ, Յոգա, Չինարեն ու այժմ էլ Նկարչություն ծրագրերով։ «ՍՄԱՐԹ-ն ինձ սովորեցրել է նպատակներ ունենալ ու հասնել դրանց»,- ասում է նա։ 

 

Եվա Հարությունյանը դեռ 3 տարեկան էր, երբ սկսեց հաճախել ՍՄԱՐԹ-ի Մանկան զարգացման անկյուն։ Խաղերից կրթական ծրագրերին անցումն իր մոտ շատ սահուն ստացվեց։ Ուզում է նկարչուհի դառնալ, ու ՍՄԱՐԹ-ում մասնակցել է Նկարչության, այժմ էլ Թվային նկարչության ծրագրերին։ Եվան իրենց տան 5 աղջիկներից մեկն է ու կենտրոն հաճախում է իր 3 քույրերի հետ։

 

Լիոնել Մեսսիին երկրպագող ու ֆուտբոլիստ դառնալ երազող Արտյոմ Բեժանյանը Օձունից է՝ գյուղ, որն ըստ իրեն, չնաշխարհիկ բնություն ունի՝ հատկապես աշնանային եղանակին։ ՍՄԱՐԹ կենտրոնում Արտյոմն այժմ մասնակցում է ՎԻ ֆիթնես ծրագրին ու հասցրել է ավարտել Պար ու Ֆինանսներ ծրագրերը։ Ֆինանսնե՞ր ու սպո՞րտ․ ասե՛ք, որ ապագա ֆուտբոլիստի համար կարևոր հմտություններ են։

 

Օձունից Մարի Սարգսյանը շատ է սիրում ինքնակենսագրություններ կարդալ ու ՍՄԱՐԹ-ում ՍՄԱՐԹամեջ հանդիպումների ընթացքում հանդիպել ոլորտի տարբեր մասնագետների ու ճանաչում ունեցող անձանց հետ, ծանոթանալ նրանց կյանքի պատմությանն ու փորձառությանը։ 

 

Ֆիզիկական ակտիվությունը կարևոր է յուրաքանչյուր տարիքում։ Այդ մասին կհավաստիացնի 11-ամյա Գոռ Ներկարարյանը, ով հաճախում է ՍՄԱՐԹ կենտրոնի Յոգա ծրագրին։ Ասում է՝ մարզումների շնորհիվ ինչպես իր, այնպես էլ իր շատ ընկերների մեջքն այլևս չի ցավում։

 

Տանը, թե ՍՄԱՐԹ-ում Մանե Գրիգորյանը կիթառ է նվագում։ Երաժշտական գործիքներն կենտրոնում մասնակցած իր արդեն 7-րդ ծրագիրն է։ Սիրում է ՍՄԱՐԹ-ի ազատ միջավայրը, ընտրություն կատարելու ու նոր ընկերներ ձեռք բերելու լայն հնարավորությունները։

 

Մեխանիկա ծրագրի ընթացքում 12-ամյա Տարոն Պետրոսյանն ու իր ընկերները SolidWorks ծրագրով սովորում են՝ ինչպես ստեղծել ժամանակակից ոճով շախմատի քարեր։ Տարոնը վաղեմի ՍՄԱՐԹացի է, կենտրոն հաճախում է Վանաձորից։ «ՍՄԱՐԹ-ում ինձ ամենաշատը դուր է գալիս, որ ծրագրերն ինքներս ենք ընտրում ու արդյունքում սովորում այն, ինչ մեզ հետաքրքրում է, ինչ հոգեհարազատ է»,- ասում է նա։ 

 

14-ամյա Սոֆի Սարգսյանը սիրում է ամեն բան, որ կապված է բնագիտական ոլորտի հետ։ Պատահական չէ, որ ՍՄԱՐԹ-ում իր սիրելի ծրագիրը Մեխանիկան է եղել։ Այժմ մասնակցում է Ծրագրավորմանը ու կարծում, որ անկախ ծրագրից՝ ՍՄԱՐԹ-ի կրթակարգը նպաստում է երիտասարդների բազմակողմանի զարգացմանը։ «Ցանկացած բան, որ սովորում ես, օգտակար է»,- ասում է նա։

 

ՍՄԱՐԹ-ում դասավանդվող օտար լեզուներից մեկը չինարենն է, չինարեն սովորողներից մեկը՝ 10-ամյա Նարեկ Հովսեփյանը։ Հիերոգլիֆներ պատկերելն ու չինարեն երգեր սովորելը ծրագրում իր սիրելի զբաղմունքներից են։